Ավարտական աշխատանքների ներկայացում ՀԱՊՀ ԳՄ-ում

IMG_8682Հայաստանի Ազգային Պոլիտեխնիկական Համալսարանի Գյումրու Մասնաճյուղում շարունակվում են ավարտական կուրսերի դիպլոմային աշխատանքների պաշտպանությունները: Մայիսի 29-ին կայացավ Ինֆորմատիկա և կիրառական մաթեմատիկա մասնագիտությամբ ավարտական աշխատանքների ներկայացումը: Ավարտական հանձնաժողովի կողմից շեշտվեց, որ տարեց տարի ներկայացվող աշխատանքները որակապես բարելավվում են, ընտրվում են արդիական և կիրառական նշանակություն ունեցող ավարտական աշխատանքների թեմաներ: Այս տարի ևս նշված մասնագիտությամբ շրջանավարտները աչքի ընկան պատրաստվածությամբ և նորարար գաղափարներով: Առանձնակի ուշադրություն դարձվեցին երկու աշխատանքների՝ Հայկական ձեռագրերի ճանաչումը և թվայնացումը նեյրոնային ցանցերի օգնությամբ (ուսանող՝ Արամ Հովհաննիսյան, գիտական ղեկավար՝ ֆիզ. մաթ. գ.դ. Հակոբ Սարուխանյան) և Իրական ժամանակում աշխատող պատկերների ճանաչման ալգորիթմները` սահմանափակ հաշվողական հզորություններ ունեցող սարքերի համար (ուսանող՝ Արամ Մուրադյան, գիտական ղեկավար ֆիզ. մաթ. գ.թ.՝ Հովհաննես Սարգսյան): Առաջինի դեպքում առաջարկվում է օգտագործելով նեյրոնային ցանցեր՝ բարձր ճշգրտությամբ թվայնացնել հայկական ձեռագրերը: Կատարողների կողմից աշխատանքներ են տարվում մեթոդի կատարելագործման և ներդրման ուղղությամբ:
11111Ինչ վերաբերում է երկրորդ աշխատանքին, նշենք, որ կատարողների կողմից մշակվել է NVIDIA Jetson TX2 սարքի վրա իրական ժամանակում աշխատող պատկերների հետևման ալգորիթմ և տրվել է նրա իրականացումը, օգտագործելով ARM-NEON օպտիմիզացիաներ և GPGPU հաշվարկման հնարավորությունները:
Ավարտական աշխատանքի ընթացքում ցուցադրվեց ալգորիթմը գործողության մեջ. այն է իրական ժամանակում կատարվեց օբյեկտի (այս դեպքում խաղալիք մեքենայի) ճանաչում և հետևում, որը ցուցադրվեց մոնիտորի վրա:
արամԱշխատանքի կատարման ընթացքում շրջանավարտին համակողմանի աջակցություն է ցուցաբերվել Իմպրովիզ ՍՊԸ ընկերության կողմից, ի դեմս ընկերության տնօրեն և Արամ Մուրադյանի գիտական ղեկավար՝ ֆիզ. մաթ. գ.թ., Հովհաննես Սարգսյանի: Գիտական ղեկավարը փաստեց, որ ավարտական աշխատանքի թեման ունի մեծ պոտենցիալ և կարող է իր շարունակությունը ունենալ մագիստրոսական և հետագայում նաև ատենախոսական աշխատանքներում:
Նշենք, որ ավարտական աշխատանքով հետաքրքված են ՀՀ ռազմարդյունաբերության ոլորտի մի շարք ընկերություններ, որոնց ներկայացուցիչները ևս ներկա էին ավարտական աշխատանքի ներկայացմանը:
ՀԱՊՀ Գյումրու Մասնաճյուղը շնորհավորում է բոլոր շրջանավարտներին և մաղթում նորանոր հաջողություններ և ձեռքբերումներ:
Նկարներին կարող եք ծանոթանալ հղումով: