Մագիստրատուրա

Մագիստրոսի որակավորման (երկրորդ աստիճան) համար սահմանված է 120 կրեդիտ: Մագիստրոսի որակավորումը շնորհվում է ուսման բոլոր բնագավառների համար, և ձեռք է բերվում երկու տարվա առկա կամ 2,5 տարվա հեռակա ուսուցումից հետո: Բարձրագույն կրթության երկրորդ աստիճանի ընդունելության համար սահմանված պահանջը առաջին աստիճանի (բակալավրի կամ դիպլոմավորված մասնագետի) որակավորման առկայությունն է: Մագիստրոսի որակավորման կրթական ծրագրերը ներառում են հիմնական և մասնագիտական դասընթացներ, վերապատրաստման դասընթացներ, միջառարկայական ծրագրեր, պրակտիկա: Ծրագիրն ավարտվում է մագիստրական թեզի պաշտպանությամբ: Մագիստրոսի որակավորում ստացած շրջանավարտներն ունեն ընտրված ուսման բնագավառի լավ իմացություն, օժտված են անկախ գիտական հետազոտության անցկացման, կառավարման, մասնագիտական ինքնակատարելագործման համար անհրաժեշտ կարողություններ և հմտություններ, ինչպես նաև լավ հաղորդակցական և լեզվական հմտություններ: Մագիստրոսի կամ համարժեք որակավորում (հին որակավորումներ) ունեցող անձինք կարող են դիմել ասպիրանտուրա (դոկտորանտուրա): Այդ դասընթացների նպատակն է ուսումնառուներին տրամադրել հետազոտության ընտրված բնագավառի լայն և համակողմանի տեսական ու գործնական գիտելիքներ, նրանց օժտել ստեղծագործական ունակություններով: Մագիստրոսի ծրագրով կրթված շրջանավարտը պետք է ունենա մասնագիտական հիմնարար պատրաստություն, գիտահետազոտական և գիտամանկավարժական աշխատանքի, կառավարման, մասնագիտության մեջ ինքնուրույնաբար կատարելագործվելու համար անհրաժեշտ գիտելիքներ, կարողություններ և հմտություններ: