Շնորհավոր սեպտեմբերի 1

    Նոր ուսումնական տարվա սկիզբը, Գիտելիքի՝ գրի ու դպրության օրվա խորհուրդը պահպանելու, սովորողների մուտքը տոնական և հիշարժան դարձնելու նպատակով ՀՊՃՀ Գյումրու մասնաճյուղում կազմակերպվեց տոնական հանդիսություն: Մինչ հանդիսության սկիզբը երաժշտության հնչյունների ներքո մասնաշենքի մոտ էին հավաքվել Համալսարան ընդունված առաջին կուրսեցիները, մասնաճյուղի բարձր կուրսերի ուսանողները, դասախոսներն ու աշխատակիցները: Արդեն ավանդույթ դարձած հանդիսավոր միջոցառումը բացեց Մասնաճյուղի տնօրեն պրոֆեսոր Ա.Պապոյանը: Նա շնորհավորեց ուսանողությանը, մասնաճյուղի հանրույթին և ներկա հյուրերին նոր ուսումնական տարվա մեկնարկի առիթով և ցանկացավ հաջողություններ և բեղմնավոր աշխատանք ուսումնական գործընթացում: Հնչեց Հայաստանի Հանրապետության և Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանների օրհներգերը: Ողջույնի խոսքով ներկաներին դիմեցին մասնաճյուղի փոխտնօրեն Ս. Հարությունյանը, դեկաններ Ա.Արզումանյանը, Հ.Ենգոյանը, ուսխորհրդի նախագահ Ա.Ղարաքեշիշյանը: Ելույթ ունեցողները փաստեցին, որ կրթությունը և գիտելիքը, որպես արժեք հնագույն ժամանակներից ի վեր հայ ազգի համար ունեցել են առաջնային դեր ու նշանակություն: Ինչը գալիս է փաստելու, որ Հայաստանի վաղվա օրը պետք է լինի հուսալի: Ընդունելության քննություններից լավագույն արդյունքներ ցուցաբերած երկու ուսանողներին` Աշխեն Ալեքյանին և Դավիթ Խաչատրյանին մասնաճյուղի տնօրեն Ա.Պապոյանը հրավիրեց հարթակ և նրանց հանձնեց մասնաճյուղի մուտքի խորհրդանշական բանալին: Ծափողջունների ներքո ուսանողները մտնում են մասնաշենք: Բարի երթ Ձեզ սիրելի ուսանողներ: